ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով վաղ թե ուշ՝ Հայաստանի հարկատուներին վերադարձվելու են իրենց պատկանող գումարները: Օրենքը, ըստ նրա, նաև քաղաքական ուղերձ է ներկա և ապագա պաշտոնյաներին:
«Այս օրենքը բարեխիղճ, օրինապաշտ, իրենց մասնագիտական ու բիզնես կարողություններով որոշակի հաջողության հասած մեր քաղաքացիների մասին չէ և նրանց չի առնչվելու: Այս օրենքը չի վերաբերում նաև ազնիվ և օրինական ճանապարհով որոշակի կարողություններ ձեռք բերած մեր բազմաթիվ քաղաքացիներին: Այս օրենքը վերաբերելու է անազնիվ, ապօրինի ճանապարհով ահռելի միջոցներ կուտակած այն մարդկանց, ովքեր շատ հաճախ իրենց ունեցվածքը թաքցրել են ուրիշի անվան տակ, օրինակ՝ զոքանչի, քենու, աներոջ: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել տասնյակ տարիներ՝ բոլորիս աչքի առաջ»,- ասել է Մակունցը: Ապա «Իմ քայլի» ղեկավարը հավելել է. «Սա նաև քաղաքական ուղերձ է ներկա և ապագա պաշտոնյաներին: Մեր քաղաքական ուղերձն այն է, որ վաղ թե ուշ այն գույքը, ունեցվածքը, որը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, միևնույն է, վերադարձվելու է պետական բյուջե: Վստահ եմ, որ մոտ ապագայում ականատես ենք լինելու այս գործիքի կիրառման շոշափելի արդյունքների»: