ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակը, խոսել արձանագրված բացթողումների մասին, հանձնարարականներ տվել դրանք վերացնելու ուղղությամբ՝ տեղեկացնում են ՊՆ-ից:
Հագեցած է եղել նաև մյուս զորամիավորումների առօրյան:
Զինծառայողների մարտավարական մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով 2-րդ զորամիավորման նռնականետային դասակների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Ստուգվել են հաստիքային զենքի տիրապետման գործնական հմտությունները, զինծառայողների մասնագիտական գիտելիքները:
4-րդ զորամիավորման հրաձգարաններում ապրիլի 12-14-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Զինծառայողները կրակային վարժությունները կատարել են բարձր արդյունավետությամբ, հաջողությամբ խոցել պայմանական հակառակորդի թիրախներն ու անթերի կատարել առաջադրանքը:
5-րդ զորամիավորման N զորամասում ապրիլի 13-ին դասակների կազմով անցկացվել են կրակի կառավարման մարզումներ: Բացազատվել են ուսումնական տեղամասեր, տրվել ցուցումներ մարտական խնդրի կատարման վերաբերյալ: Անձնակազմն անցել է շրջանաձև պաշտպանության, զբաղեցրել կրակային դիրքերը, հաստիքային միջոցներով հետ մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հարձակումը: