Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ուղերձ է հղել ընկերության աշխատակիցներին:
Տեսաուղերձում Հայկ Եսայանը ներկայացրել է ընկերության ստեղծման պատմությունը, նշել, որ Ucom-ը պարզապես բրենդ չէ, ընկերության հզորությունն այն անձնակազմն է՝ արժեք ստեղծող մարդիկ, որոնք որակյալ ծառայություններ են մատուցում բաժանորդներին՝ անգամ աշխատանքից ազատվելու դիմումներ գրելուց հետո:
Ընկերության գլխավոր տնօրենը խոստովանել է, որ իրենց և մյուս բաժնետերերի միջև լարվածություն է առաջացել, և մոտ մեկ ամիս իրենք առաջ դիմել են նրանց՝ մնացած բաժնետոմսերը գնելու առաջարկով և ստացել են դրական պատասխան: Սակայն ֆինանսների ներգրավվածության խնդիրը լուծելուց հետո ստացել են բացասական պատասխան:
Հ.Եսայանը հայտարարել է, որ իրենք իրենց 6 տոկոս բաժնետոմսերը չեն վաճառելու, պահելու են այնքան, քանի ունեն տեսլական, քանի կան իրենց աշխատողները:
Ucom-ի գլխավոր տնօրենը նշել է, որ իրենց նպատակն է գնել 94 տոկոս բաժնետոմսերը և դառնալով ընկերության 100 տոկոս բաժնետեր՝ դրանց 20 տոկոսը արտոնյալ պայմաններով բաշխելու են իրենց աշխատակիցների միջև: «Ընկերությունը պետք է լինի հզոր, լայն սփռում և ունենա շատ բաժնետերեր»,- ասել է Հ.Եսայանը: