Զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայութուն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացը կիրականացվի կանխավճար տրամադրելու միջոցով՝ կազմակերպության կողմից կանխավճարի ապահովման բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում։ Հարցը Կառավարության նիստում ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախարարը նշեց, որ կանխավճարի մարումն իրականացվելու է կատարվելիք վճարումներից 10 տոկոս նվազեցնելու միջոցով։
Դ․Տոնոյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է կազմակերպությունների մոտ առկա ֆինանսական բնույթի և կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու հանգամանքով։
Նախարարն ասաց, որ կազմակերպությունների առջև դրված պահանջներից մեկը որոշ սննդատեսակների երկարաժամկետ պահուստների ստեղծումն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զինված ուժերում սննդի ապահովման նոր համակարգի ներդրումը հաջողված է,և զգալի փոփոխություն կա։
«Սկզբում գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ և պետք է զրոյից ստեղծենք գոյություն չունեցող համակարգ։ Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել և փորձում ենք հերթով տալ խնդրահարույց հարցերի պատասխանները։ Մենք պայմանավորվել ենք, որ պետք է համբերատար այդ խնդիրները լուծենք և զինվորին ապահովենք բարձրորակ սննդով։ Եվ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է կանխավճար տրվի այդ ոլորտում ներդրում անողներին»,- ասաց Փաշինյանը։