«Մենք Արցախում ժողովրդավարական պետականաշինության հերթական կարևոր քայլն ենք իրականացրել: Տվյալներն արդեն ԿԸՀ-ն հրապարակել է»,- ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Եղել է քաղաքական շատ ակտիվ ու բուռն ժամանակահատված, հնչել են նաև անհիմն մեղադրանքներ: Արայիկ Հարությունյանը նշեց, որ փորձել են ամբողջ քարոզչության ժամանակահատվածում թիրախավորել «Ազատ Հայրենիք» կուսակցությանը, նախագահին, դաշինքին, փորձել են կասկածի տակ դնել ամբողջ գործընթացը, բայց արդյունքներն այսօր պարզ են:
«Ինձ թվում է՝ արդյունքների վրա որևէ միջամտություն չի եղել: Իհարկե, մնացածը թողնում եմ մեր ժողովրդի դատին: Բոլոր գյուղերում գիտեն, թե ով ինչպես է քվեարկել, այդ թվում՝ Ստեփանակերտում: Սկզբնական փուլում կասկածի տակ էին դնում, որ կորոնավիրուսի պատճառով մասնակցողների թիվը քիչ է լինելու, իսկ դա արդար չէ: Հետո տեսան հոսքը և փորձեցին մեղադրել, թե ինչու ենք կազմակերպել:
Ես ասել եմ. եթե իշխանությունները հայտարարեն, որ անհնար է պահպանել մեր հայրենակիցների առողջությունը, մենք առաջինը կողջունենք քվեարկության հետաձգումը»,- ասաց Արայիկ Հարությունյանը: