Ամբողջ Աֆրիկայում մինչ օրս ավելի քիչ կորոնավիրուսակիրներ են հայտնաբերվել, քան միայն Պորտուգալիայում: Առայժմ ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչու: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն մայրցամաքի երկրներին կոչ է անում պատրաստվել վատթարագույնին:
Երկուշաբթի օրվա դրությամբ Աֆրիկայում գրանցվել է Covid-19-ով վարակի 4847 և մահվան 155 դեպք: Վիրուսը տարածված է մայրցամաքի հիմնականում չորս երկրում՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Ալժիր և Մարոկկո:
Փորձագետները դեռ հստակ պատասխան չունեն, թե ինչու Աֆրիկայում, որտեղ շատ երկրներ սերտ կապեր ունեն Չինաստանի հետ, վիրուսը, ըստ պաշտոնական վիճակագրության, Եվրոպայի հետ համեմատած՝ տարածվում է շատ ուշ ու դանդաղ:
Շատերը կարծում են, որ Աֆրիկայում պարզապես շատ քիչ թեստեր են անցկացվում: Համաճարակից առաջ ամբողջ մայրցամաքում միայն երկու լաբորատորիա կար, որտեղ հնարավոր էր վիրուսը հայտնաբերել՝ Սենեգալում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ներկայումս շտապ կարգով թեստեր են հանձնել մայրցամաքի 54 երկրից 47-ին:
Միևնույն ժամանակ, շատ գիտնականներ ու բժիշկներ էլ այն կարծիքին են, որ Աֆրիկան արդեն իսկ ունի այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ենթակառուցվածք, հետևաբար նոր հիվանդության լուրջ, լայնամասշտաբ բռնկումը չէր կարող աննկատ մնալ: Իսկ դա նշանակում է, որ այն դեռ գոյություն չունի Աֆրիկայում:
Ինչևէ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չի բացառել, որ իրականում Աֆրիկայում վարակվածների թիվը շատ ավելին է, և Աֆրիկյան երկրներին խորհուրդ է տվել «այս պահից պատրաստվել վատթարագույնին»: