Ազգային ժողովում քննարկվում է պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի ներկայացրած «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ կարգավորումը երկու նոր գործիք է նախատեսում: «Առաջինը՝ վճարովի հիմունքներով ուսուցում միջին և նախնական մասնագիտական հաստատություններում: Երկրորդ կարգավորումը՝ մինչև «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը արվեստի ուսումնարանները, քոլեջները ավարտելուց հետո համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցում չունեցող բուհերի երկրորդ կուրսում առկա ուսուցում ստանալու հնարավորություն»,- ասաց Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ նախագծի առաջին ընթերցման ժամանակ պատգամավորը նշել էր, որ ներկայիս օրենսդրական կարգավորմամբ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում աշակերտները կարող են սովորել միայն անվճար հիմունքներով: Այսինքն՝ պետական միջոցների սղության պատճառով հնարավորություն չի տրվում, որ ավագ դպրոցի փոխարեն միջին մասնագիտական հաստատություններում կրթություն շարունակեն բոլոր ցանկացողները: