Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում և «Գործունեության ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրեց, որ 2019-ի հունիսին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացման համաձայն՝ ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանվել էր 14.000 դրամ պետական տուրք: Օրենքի փոփոխությունը գործում էր մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:
Նախագծով առաջարկվում է պաշտպանական միջոցի ժամկետը երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը: «Պաշտպանիչ միջոցը կիրառվել է, քանի որ վերջին տարիներին Իրանի արժույթի անկում է եղել, երկրորդը՝ հարավային գործընկերոջ կողմից վարվող քաղաքականությունը և երրորդը՝ իրանական տնտեսությունը վերջին տարիներին անկում է գրանցում: Արտադրական ծավալները շարունակում են մնալ նույնը, արդյունքում նկատվում է արտադրական ծավալների գերբավարարվածություն, որի արդյունքում գինը անկում է ապրում»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալը: