ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահներ, Մարգարետա Սիդերֆելտը և Քրիստիան Վիգենինը հայտարարություն են տարածել Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև ընտրական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ համաձայնության ձեռք բերման կապակցությամբ՝ ողջունելով կայացած փաստը: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն:
«Որպես Վրաստանում վերջին ընտրություններում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարներ, մենք ողջունում ենք կառավարության և ընդդիմության միջև Վրաստանի ընտրական մոդելի բարեփոխման վերաբերյալ համաձայնությունը:
Շնորհավորում ենք կողմերին՝ այս պատմական համաձայնությունը ձեռք բերելու կապակցությամբ: Խորհրդարանում հաստատվելուց հետո այն կապահովի խառը՝ համամասնական-մեծամասնական ընտրական համակարգը, իջեցված շեմը և ընտրատարածքների հավասարակշռված կազմ:
Հաջող իրականացման դեպքում համաձայնությունը, հնարավոր է, երկրի քաղաքական համակարգում գոյություն ունեցող բոլոր խմբերի միջև վստահության հաստատմանը ծառայի: Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական ուժերին՝ շարունակել իրենց ջանքերը ժողովրդավարական համակարգ կառուցելու համար և խուսափել դատական և ընտրական գործընթացների քաղաքականացումից:
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ՝ բարեխիղճ բարեփոխումները շարունակելու գործում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սիդերֆելտն ու Վիգենինը 2018 թվականի հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավարներն ու ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգողներն էին: