Այսօր կեսգիշերից Իդլիբում ուժի մեջ կմտնի զինադադարը: Այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք չենք կարող համաձայնել, որ Իդլիբի 4 միլիոն բնակիչները համարվեն ահաբեկիչներ և ենթարկվեն ուժեղ ռմբակոծությունների: Շրջանի 1,5 միլիոն բնակիչները, փախչելով ռեժիմից, հավաքվել են մեր սահմաններում: Այս սպառնալիքի դիմաց Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ 2018 թվականին կնքված Սոչիի հուշագիրը խախտման առաջին պատասխանատվությունը կրում է Սիրիան, որի ագրեսիան ուղղված է տարածաշրջանում կայունության դեմ:
«Մեր զինվորների վրա ռեժիմի հարձակման արդյունքում ծավալված տխուր իրադարձություններից հետո Իդլիբում նոր կարգավիճակի հաստատումն անխուսափելի է»,- շեշտել է Էրդողանը:
Չնայած ռուսական կողմի հետ պայմանավորվածությանը, Թուրքիայի նախագահը կրկնել է, որ իրավունք կվերապահի իրեն դարձյալ կոնկրետ գործողությունների դիմել:
«Թուրքիան այս գործընթացի ընթացքում իրավունք է վերապահում արձագանքել ռեժիմի բոլոր տեսակի հարձակումներին ուժի կիրառմամբ և ողջ տարածքով»: