Երևանի «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոցում փետրվարի 25-ին վիրահատված իրաքցի երեքամյա Արզնդան դուրս է գրվել բուժհաստատությունից: Ծանր վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Արզնդա Սաբահ Խուդերը դեռ երկու շաբաթ կմնա Հայաստանում՝ բժիշկների հսկողության տակ, ապա կմեկնի հայրենիք:
Հիշեցնենք՝ Արզնդան ծնվել է սրտի արատով, մեկ անգամ վիրահատվել է Թուրքիայում: Հայաստանում նրան վիրահատել է հայտնի սրտաբան Հրայր Հովակիմյանը: Մասնագետները նշում են, որ երրորդ վիրահատությունը, ըստ ամենայնի, անհրաժեշտ կլինի մի քանի տարի անց: Իրաքցի աղջնակի բուժօգնությունը Երևանում կազմակերպելու հարցում օգնել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Փոլադյանը, ՀՀ առողջապահության նախարարությունը, «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոցն ու «Ավրորայի» 2019-ի մրցանակակիր Միրզա Դինային: