Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել:
«Ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ: Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար համատեղ որոշում է կայացվել, համաձայն որի՝ Գրիգոր Հայրապետյանը ցանկանում է զբաղվել միայն օդաչուական գործով: Այսուհետ պրն Հայրապետյանը ծավալելու է միմիայն թռիչքային գործունեություն:
Միևնույն ժամանակ նշում ենք, որ պրն Հայրապետյանը խորհրդատվական ձևաչափով համագործակցելու է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, մասնավորապես իր խորհուրդներով, մասնագիտական փորձով և առաջարկներով շարունակելու է մնալ Կոմիտեի մի մասնիկը:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին շնորհակալություն է հայտնում Գրիգոր Հայրապետյանին` 2015 թվականից ի վեր ծավալած գործունեության համար»,- նշված է հաղորդագրությունում: