ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը կատարելագործման կարիք ունի: Այս խոստովանությունն, ըստ Washington Post-ի, Եվրոպայում ՆԱՏՕ-ի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Թոդ Ուոլթերսինն է, որը միաժամանակ ղեկավարում է ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը:
Ուոլթերսը փետրվարի 25-ին հրավիրվել էր Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի լսումներին, որի ընթացքում սենատոր Անգուս Քինգը հիշեցրեց անցյալ տարվա սեպտեմբերին սաուդյան «Արամկո» ընկերության վրա կատարված հարձակումը, ինչպես նաև Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հունվարյան հրթիռակոծումն Իրանի կողմից:
«Ի՞նչ հնարավորություններ ունենք՝ նման հարձակումներից պաշտպանվելու համար, եթե պարզվեց, որ մեր ՀՕՊ համակարգերը չգործեցին Արաբիայում և Իրաքում»,- հարցրել է օրենսդիրը:
«Մեր հակահրթիռային պաշտպանության համակարգը բարելավվում է, բայց այն պետք է ավելի լավը դառնա: Մենք ունենք ինտեգրված հակաօդային պաշտպանություն, որն ընդհանուր առմամբ հաշվարկում է այն ամենն, ինչ տեղի է ունենում մեծ բարձրության և երկար հեռավորության, ինչպես նաև ցածր բարձրության և կարճ հեռավորության վրա»,- պատասխանել է գեներալը:
Քինգը Ուոլթերից խնդրել է պարզաբանել՝ արդյո՞ք, գեներալը կարծում է, որ «նշանակալի բաց կա ԱՄՆ պաշտպանության համակարգում»:
«Թերություն կա, և մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- խոստովանել է Ուոլթերսը: