Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը, ընդգծել է, որ անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվում են, և դեպի Իտալիա թռիչքները դադարեցնելու մասին խոսակցություն առայժմ չկա:
«Իտալիան, բնականաբար, չէր կարող վրիպել մեր ուշադրությունից: Այստեղ նույնպես մենք գնահատում ենք, թե ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի պաշտպանենք մեր բնակչությանը և աշխատենք միասին, որպեսզի թույլ չտանք համաճարակի տարածումն ու հաղթահարենք այն միասին: Մենք գիտակցում ենք, որ այս հարցում ժամանակի կորուստ թույլ տալ չի կարելի:
Դա մարտահրավեր է բոլոր երկրների համար, և այստեղ մեզ համար կարևոր մոտեցում է համագործակցության միջոցով գտնել ճանապարհները՝ իրավիճակը վերահսկելու, համաճարակը կանխարգելելու և այն հաղթահարելու համար: Մենք շատ սերտ աշխատել ենք Չինաստանի հետ այդ առումով, շատ սերտ աշխատում ենք նաև Իրանի հետ»,- ասել է Զ.Մնացականյանը: