«Պրիմիտիվ նախագիծ է, նյուանսներ հաշվի առնված չեն: Շահագրգիռ քննարկում է ընթանում, մեր գործընկերները բարեկիրթ ձևով ասում են՝ սա կամ այն հաշվի առե՞լ եք՝ միանգամից ստանում են պատասխան ամբարտավան ձևով: Այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն»: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսպես է արձագանքել «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին, որով համայնքին նվիրատվության պայմանագրերը պետք է կնքվեն ավագանու թույլտվությամբ:
Դանիելյանը նշել է, որ այն ավելի շատ խնդիր ստեղծող նախագիծ է: Առաջարկել է երեք խմբակցություններից մեկական հոգի նշանակել և 3 ժամ քննարկելուց հետո վերադառնալ ու ռիսկերը հաշվի առնելով լուծումներ գտնել, որպեսզի ունքը հանելու փոխարեն աչքը չհանվի:
Հիշեցնենք, Ազգային ժողովում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցող Անի Սամսոնյանի՝ նախագծով առաջարկվում է, որ ավագանին նվիրատվությանը հավանություն տա այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: