Գերմանիայի «Ազատ դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Թոմաս Քեմմերիխը, որն ընդամենը երեկ էր ընտրվել Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի վարչապետ, հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից՝ երկրում առկա խիստ քննադատության պայմաններում:
Հիշեցնենք, որ Քեմմերիխի ընտրությունը գերմանական հասարակության ու քաղաքական դաշտի վրդովմունքն էր առաջացել այն բանով, որ հաղթանակն ապահովվել էր ծայրահեղ աջերի՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ստացած քվեներով:
«Սա վատ օր է ժողովրդավարության համար: Տեղի ունեցածն աններելի է, արդյունքը պետք է չեղարկել»,- հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը պաշտոնական այցով գտնվում է Հարավային Աֆրիկայում:
ТАСС-ի փոխանցմամբ՝ Քեմմերիխը նաև հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ են նոր ընտրություններ: