Ռուսները չպետք է հաճախ գինի խմեն, քանի որ նրանք «եվրոպական գեն» չունեն: Ըստ Mignews-ի՝ այսպիսի պնդում է արել Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը: Ըստ բժշկի՝ քանի որ Ռուսաստանում ցուրտ է, ճաշի ժամանակ մի բաժակ գինի խմելու սովորությունը նաև վտանգավոր կարող է լինել:
ՌԴ հոգեբույժ, նարկոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Դանիիլ Պոկրովսկին էլ տեսակետ է հայտնել, որ ամենավտանգավոր խմիչքն իրականում գարեջուրն է.
«Փոքր բաղադրիչները, որոնք գարեջրին իրենց հատկություններն են փոխանցում՝ փրփուր, գույն, համ, միացություններ են, որոնք ծայրաստիճան անօգտակար են մարդու առողջության համար՝ ներառյալ կոբալտը, որը կարդիոտոքսիկ է»,- հայտարարել է Պոկրովսկին:
Նա նշել է, որ վնասակարությունից տեսանկյունից նվազ վտանգավոր ալկոհոլային խմիչքը հենց չոր կարմիր գինին է, որը պարունակում է շատ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ:
Ալկոհոլի հետազոտող Էրկին Տուզմուխամեդովն էլ գազավորված ալկոհոլային խմիչքներն է համարում ամենամեծ չարիքը. «Տարաներով ալկոէներգետիկները, թույլ ալկոհոլային, փրփրուն խմիչքները, որոնք նմանակում են շամպայնին, ամենավնասակարն են երիտասարդների համար»:
Նրա կարծիքով՝ միայն բնական, կարմիր չոր գինին է տոնուս հաղորդում օրգանիզմին և ոչ միայն չի վնասում, այլև օգտակար է առողջությանը:
Ինչ վերաբերում է ռուսական ամենատարածված ըմպելիքին՝ օղուն, այն ընդհանրապես չունի որևէ սննդային արժեք, որովհետև ջրով էթիլային սպիրտ է, որն ուղղակի արբածության զգացում է առաջացնում: Այ՝ կոնյակը, վիսկին և կալվադոսը՝ խնձորօղին, մարդու օրգանիզմի համար եզակի էլեմենտ՝ մարսվող պղինձ են պարունակում, ինչով սովորական օղին չի կարող «գլուխ գովել»: