Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած, հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ անկախ ազգությունից՝ բոլոր այն անձինք, ովքեր եղել են Չինաստանում, գտնվում են ամենօրյա վերահսկողության ներքո։
«Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ, և սահմանվում է հսկողություն` ըստ իրենց բնակավայրի։
14-օրյա հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր չունեն ախտանշաններ: Իսկ նրանք, ում մոտ ի հայտ են գալիս նոր կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն, անմիջապես հոսպիտալացվում են և մեկուսացվում, իրականացվում համապատասխան հետազոտություն և բուժում։
Ինչ վերաբերում է լաբորատոր հետազոտություններին, ապա այն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող պացիենտներին՝ անվճար։
Հաշվի առնելով լաբորատոր հետազոտության առանձնահատկությունը (հսկիչ նյութերի նպատակային ծախս)՝ նմուշառումը կատարվում է փուլային՝ միաժամանակ ապահովելով մի քանի հիվանդի նմուշառում»,- ասված է հաղորդագրության մեջ։