Իրաքի նոր վարչապետ Մուհամմադ Թաուֆիկ Ալյաուին հանդես է եկել իր առաջին պաշտոնական ուղերձով, որով արտահերթ խորհրդարանական ընտրություններ է խոստացել և անհապաղ երկխոսություն՝ խաղաղ ցուցարարների հետ:
«Խոստանում եմ ինտենսիվ կերպով աշխատել՝ արտահերթ ընտրությունների անցկացմանը նախապատրաստվելու համար, խորհրդակցելով համապատասխան մարմինների՝ ներառյալ Բարձր ընտրական հանձնաժողովի և ՄԱԿ-ի հետ»,- իրաքյան ազգին ուղղված տեսաուղերձում հայտարարել է վարչապետը:
Ալյաուին իր ուղերձում խոստացավ նաև սերտացնել կառավարություն-օրենսդիր մարմին կապը և Խորհրդարանին պարբերաբար զեկուցել կառավարության հաջողությունների ու ծառացած մարտահրավերների վերաբերյալ:
Վարչապետը վստահեցրեց, որ կառավարության ձևավորման ընթացքում չի առաջնորդվի առանձին քաղաքական խմբերի նեղ հետաքրքրություններով և սպառնաց հրաժարական տալ, եթե նախարարներ նշանակելիս իր վրա ճնշում գործադրվի: