ԱՄՆ Զինուժը թիրախավորված օդային հարված է հասցրել Եմենում «Արաբական թերակղզու ալ- Քաիդայի» առաջնորդ Քասիմ ալ-Ռիմիի ապաստարանի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը ՝ վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրին:
«Չնայած մենք գիտենք «Արաբական թերակղզու ալ- Քաիդայի» առաջնորդ Քասիմ ալ-Ռիմիի մահվան մասին լուրը, Պաշտպանության գերատեսչությունը դեռ ոչինչ չի ասում հարցի վերաբերյալ»,- ասել է CNN-ի աղբյուրը:
Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը 10 միլիոն դոլար պարգևավճար էր խոստացել բոլոր նրանց, որոնք որևէ կարևոր տեղեկություն կհայտնեին «Արաբական թերակղզու ալ- Քաիդայի» 41-ամյա ղեկավարի մասին, որին ԱՄՆ-ը աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների ցանկում 3-րդ «պատվավոր տեղն էր հատկացրել»:
Այժմ էլ հաղորդվում է, որ մի քանի ամիս շարունակ՝ Ալ-Ռիմին հետապնդվել է հետախուզական ծառայությունների և արբանյակային կապի միջոցով:
Նշենք նաև, որ Ռիմին առնվազն երկու անգամ խուսափել է ստույգ մահից: Վերջին անգամ հենց այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը նոր էր ընտրվել ԱՄՆ նախագահ և անմիջապես հրահանգել էր՝ ոչնչացնել վտանգավոր ահաբեկչին:
«Լա՛վ ծաղրեցինք քեզ, նարնջագույն մարդ»,- նախորդ ձախողված մահափորձից հետո ուղերձով Թրամփին էր դիմել Ալ-Ռիմին: