ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Իջևանի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այդ մասին, ըստ փոխնախարարի, իրենք դեռ 2019-ի հոկտեմբերին էին մարդկանց խոստացել:
«Իջևանի սիմպոզիումների արդյունք քանդակների այգին նշանային կետ է տարածաշրջանում, նաև՝ հայաստանյան արվեստի պատմության կարևոր մաս: Այն եզրափակում է մշակույթի տունը, որը վերջին տարիներին բարձիթողի վիճակում է, շենքային պայմաններն՝ անմխիթար, արվեստի գործերը՝ անխնամ ու ցաքուցրիվ, երկհարկ շինության մի փոքր բարձր կտուրը՝ խնդրահարույց, և երրորդ հարկ չկա:
Իմ համոզմամբ՝ սոցիալական ծառայությունները, որոնք իրենց բնույթով ապահովում են հանրային հոսքեր, կարող են նոր կյանք ներբեռնել մշակույթի տուն:
Ամբողջը կապիտալ վերանորոգվելու է. երկրորդը հարկը ամբողջությամբ տրամադրվելու է ցուցասրահին, առաջին հարկի ընդունարանն առաջարկել ենք շարժական ցուցադրությունների համար, առաջին հարկում նախագծվող մեր ռեսուրս կենտրոնը, տեխնիկապես վերազինված, տրամադրելու ենք կինոդիտումների և ինստալացիաների համար, երրորդ հարկ էլ ենք կառուցելու` աշխատասենյակներ:
Բարին սա էր, կառաջարկեմ ցուցասրահը անվանել Սարո Սարուխանյանի անունով և շենքին փակցնել հուշատախտակ»,- մեկ տարի առաջվա խոստումն է վերաշարադրում փոխնախարարը:
Նաև հավելում է, որ այս ամբողջ ընթացքում նախարարությունը որևէ այլընտրանքային առաջարկ չի ստացել շահագրիգիռ այլ անձանցից ու կազմակերպություններից: Ուստի, այժմ կարվի այն, ինչ նախապես արդեն քննարկվել ու որոշվել էր կյանքի կոչել: