Գովազդային գործակալություններն ու շուկայագետները Google-ին խնդրել են առայժմ չհրաժարվել սպասարկման տեքստային ֆայլերի՝ Cookies-ի պահպանությունից, քանի դեռ չեն հայտնվել հավանական գնորդներին հետևելու այլընտրանքային եղանակներ:
Այս մասին ասված է Ազգային գովազդատուների ասոցիացիայի և Միացյալ Նահանգների գովազդային գործակալությունների ասոցիացիայի կոչում՝ հայտնում է Wall Street Journal-ը:
Google-ը հունվարի 14-ին հայտարարել էր, որ առաջիկա երկու տարում հրաժարվելու է Chrome զննարկիչում աջակցել երրորդ կողմի cookie-ներին՝ օգտատերերի տվյալների և նրանց գաղտնիության պաշտպանության ամրապնդման նպատակով: Ընկերությունն առաջարկել էր շուկայի մասնակիցներին՝ թիրախային լսարան գտնելու այնպիսի մեթոդներ որոնել, որոնք չեն խախտի անձնական տվյալների գաղտնիությունը: Մանավանդ, որ՝ Firefox- ը և Safari-ն արդեն իսկ արգելափակում են այս ֆայլերը, իսկ Google Chrome-ից օգտվողները կարող են միայն կարգավորումներում ինքնուրույն հրաժարվել դրանցից, և շատերն էլ ուղղակի տեղյակ չեն դրա մասին:
Գովազդատուները, սակայն, պնդում են, որ ամենաշատ ծառայություններ մատուցող Google-ի այս որոշմամբ կխեղդվի առցանց գովազդը, խոչընդոտներ կստեղծվեն թվային բիզնեսի զարգացման և նորարարության ճանապարհին:
Սկսնակները և երիտասարդ ընկերությունները, որոնց գոյատևումը կախված է ինտերնետային ինտենսիվ գովազդից, առաջինը կտուժեն՝ ասվում է հայտարարության մեջ: