Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասով: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում ընդգծել է, որ տեսալսողական մեդիա ծառայությունների օրենսդրությունը, ՀՀ Սահմանադրությունից բացի, ներառում է մի քանի կարևոր օրենքներ, որոնց մի մասը հնացել է, իսկ մյուսներն էլ չեն համապատասխանում տեղեկատվության ոլորտի կարգավորման ժամանակակից պահանջներին:
Շուրջ երկու տասնամյակ Հայաստանում հեռուստատեսային ոլորտը սեփականաշնորհված է եղել գործող իշխանությունների կողմից, և հեռուստատեսությունները կատարել են ոչ թե տեղեկատվություն հաղորդելու, այլ քարոզչություն իրականացնելու առաքելություն: Դրա արդյունքում ոչ թե ինքնակարգավորվել, գործել են համապատասխան օրենսդրության շրջանակում, այլ աշխատել են իշխանական մի քանի աշխատասենյակներում ընդունված իմպերատիվ որոշումների համաձայն: Հեռուստաընկերությունները կատարել են պահի իշխանությունների քարոզչական ցուցափեղկի դերը՝ հասարակությանը ներկայացնելով վիրտուալ իրականության այնպիսի պատկեր, որը որևէ աղերս չուներ մարդկանց իրական կյանքի հետ»,- նշել է Բաբաջանյանը:
Արման Բաբաջանյանն ընդգծել է, որ շուրջ երկու տասնամյակ հեռուստատեսությունները աշխատում էին իշխանական, այսօր՝ ընդդիմադիր կամ հակահեղափոխական պատվերների շրջանակում: «Երկու դեպքում էլ չեն կատարում անաչառ տեղեկատվության մատուցման իրենց առաքելությունը՝ լրատվամիջոցից վերածվելով քարոզչամիջոցի: Հեռուստատեսության գործող օրենսդրությունը չունի, ըստ էության, այս խնդրի լուծման համար անհրաժեշտ գործիքակազմ, որն օրվա հրամայական է դարձնում գործող օրենսդրության վերափոխման, մեր կողմից շրջանառության մեջ դրվելիք նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Հանրությանը պետք է վերադարձվի անաչառ լրատվության ստացման սահմանադրական իրավունքը»,- ասել է Բաբաջանյանը: