Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.
«Ոստիկանության կոլեգիայի անդամների անունից և անձամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության ծառայողներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին, մեր համաքաղաքացիներին, բոլոր նրանց, ում հավատի ու նվիրումի շնորհիվ 2019 թվականը դարձավ նոր մոտեցումների կենսագործման տարի:
Անընդհատ քայլ անել առաջ, անընդհատ կատարելագործվել, չհապաղել զարգացման ճանապարհին. սա պարզապես ոստիկանության քաղաքականությունը չէ, հավատամք է, և անցնող տարին հավաստեց, որ իրագործելի է այդ հավատամքը:
Ոստիկանությունը միշտ և առավել ևս այսօր կոռուպցիայի, ապօրինության, անարդարության դեմ պայքարի առաջնագծում է և հաստատագրում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի գերակայությունը, հավատարմությունն իր կոչմանը, օրինականության հանդեպ քաղաքացու իրավունքն ու հավատը:
Այսօր ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում պետական սահմանին՝ հասարակության անդորրի պահպանումը զուգորդելով երկիրն արտաքին ոտնձգություններից պաշտպանելու սրբազան առաքելությանը:
Ոստիկանությունը գործունեության այլ ուղի ունենալ չի կարող, և վաղն էլ մեր գերխնդիրն է հասարակական կարգի պահպանումը, պայքարը հանցավորության դեմ, ոստիկանության ողջ համակարգի, հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքի կատարելագործումը, հասարակության հետ կապի ամրապնդումը, նվիրյալ ծառայությունը պետությանն ու ժողովրդին:
Եվ այդ գործում հաջողության գրավականը մեր հավատն է, միասնությունը, նվիրումը, մասնագիտական մակարդակի բարձրացումը, մարդկային որակների հաստատագրումը` որպես գործունեության առանցք:
Մեր հաջողության գրավականը հասարակություն-ոստիկանություն կապի ու փոխվստահության շարունակական ամրապնդումն է:
Ուրեմն, գալիք տարում էլ գործով հաստատենք, որ հավատարիմ ենք մեր կոչմանն ու առաքելությանը:
Կրկին շնորհավորում եմ առաջիկա տոների առթիվ, մաղթում արդյունավետ ծառայություն և անձնական ձեռքբերումներ:
Երջանիկ եղեք»: