Խորվաթական Advance պարբերականն անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական, ինչպես հեղինակն է անվանում՝ «անիծյալ» դիրքին ու դրա նկատմամբ մեր երկրի նոր մոտեցմանը: Հոդվածագիր Վեդրան Օբուչինան իր հոդվածում նկարագրում է Հայաստանի աշխարհագրական դիրքի դժվարություններն ու բարդությունները: Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանի սահմանի մեծ մասը՝ մի կողմից՝ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ, փակ է: Հեղինակը հիշատակում է նաև 2016-ի ապրիլյան պատերազմը, որի ժամանակ զոհվել էր 350 խաղաղ բնակիչ ու զինվորական: Վեդրան Օբուչինան պատմում է Հայաստանից ստացած իր տպավորությունների, համտեսած գինու, այցելած գեղեցիկ ու տեսարժան վայրերի, ինչպես նաև Թուրքիայի տարածքում գտնվող, սակայն հայերին պատկանող Արարատ լեռան մասին:
Անդրադառնալով Հայաստանի աշխարհագրական ոչ այնքան հարմար դիրքին՝ նկատի ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանակից լինելն ու շրջափակումը, Advance պարբերականը նշում է, որ աշխարհագրական դիրքը, ինչպեսև նախկինում, կարևոր դերակատարում ունի Հայաստանի քաղաքական կյանքում: Ըստ հոդվածագիրի՝ չնայած գրեթե փարիզյան մթնոլորտին, Երևանում կարելի է որոշ բաներ գտնել Խորհրդային Միությունից: Լենինի արձանի փոխարեն Հաղթանակի զբոսայգում վեր է հառնում Մայր Հայաստանի 51 մետրանոց հուշարձանը: Հեղինակը հիշատակում է հուշարձանի կարևորության մասին:
Advance պարբերականը գրում է նաև նոր Հայաստանի, 2018-ի թավշյա հեղափոխության, նոր, վերածնված երկրում ապրելու և արարելու պատրաստ երիտասարդների, հայրենիքի հանդեպ սփյուռքի վստահությունը վերականգնելու, հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի հետ լավ հարաբերություններն ամրապնդելու մասին:
Խորվաթական պարբերականը հույս է հայտնում, որ Հայաստանի աշխարհաքաղաքական փարկուղին գուցե դառնա աշխարհաքաղաքական խաչմերուկ, որն իրականում ի զորու է հաշտեցնել տարածաշրջանային ու միջտարածաշրջանային խաղացողների մրցակցային շահերը: