Վերանորոգումից հետո բրիտանական արտաքին հետախուզության՝ MI6-ի գրասենյակից անհետացել են ավելի քան 100 փաստաթղթեր, որոնք մանրամասներ են պարունակում կառույցի ձևավորման և անվտանգության համակարգի վերաբերյալ: The Sun տաբլոիդի փոխանցմամբ՝ կապիտալ վերանորոգման ընթացքում MI6-ի բոլոր գաղտնի փաստաթղթերը պետք է պահվեին հատուկ պահպանվող սենյակում և հասանելի պիտի լինեին շատ նեղ շրջանակի համար:
Ինչ է պատահել՝ դեռ պարզ չէ, բայց երկու շաբաթ առաջ MI6-ի շտաբն ահազանգել է փաստաթղթերի անհետացման վերաբերյալ:
«Շենքն ամբողջովին շղթայի մեջ էր առնված, և բոլոր շինարարները մեկուսացված էին փաստաթղթերից: Նման զգայուն տեղեկատվության կորուստը ծայրաստիճան անպատասխանատվություն է...Այս փաստաթղթերը մաքուր ոսկի են թշնամական գործակալների կամ ահաբեկիչների համար»,- The Sun-ին հայտնել է անանուն աղբյուրը:
Balfour Beatty ընկերության խմբի ղեկավարներից, որոնց վստահվել էր MI6-ի շտաբի՝ միլիոնների արժողությամբ վերանորոգումը, բացատրություն են պահանջել: Ճիշտ է՝ անհետ կորած փաստաթղթերը գաղտնիության կնիք չեն ունեցել, բայց համարվել են շատ կարևոր՝ դրանց բովանդակության պատճառով: Ընդ որում, փոխանցվում է, որ սկզբում կորսված փաստաթղթերի քանակն ավելի մեծ է եղել, բայց դրանց մի մասը հայտնաբերվել է հենց շենքում: Հետևաբար, բրիտանական հետախուզության ղեկավարները փորձում են համոզել, որ հիշյալ տեղեկատվությունը թշնամու ձեռքում չի հայտնվել, և պատահածն ինչ-որ թյուրիմացության արդյունք է:
Ամեն դեպքում MI6-ը որոշել է դադարեցնել պայմանագիրը հիշյալ շինարարական խմբի հետ, ոը Միացյալ Թագավորության շինարարական ընկերությունների ամենամեծ խումբն է: «Անվտանգության կարևորության վրա հենց սկզբից է հրավիրվել կապալառուների ուշադրությունը, բայց դա ակնհայտորեն անտեսվել է»,- ասում է The Sun-ի աղբյուրը:
Ի դեպ, MI6 ծառայությունը ոչ միայն լրտեսում է թշնամական պետություններին, այլև զբաղվում է հակաահաբեկչական պայքարով և չեզոքացնում է կիբերսպառնալիքները: Հայտնի է, որ չինացի և ռուս գործակալներն ակնդետ հետևում են ծառայության գրասենյակին, որը հիմնվել է 1994 թվականին՝ պնդում է պարբերականը: