WikiLeaks-ը տեղադրել է նյութերի նոր խմբաքանակ, որոնք կասկածի տակ են դնում Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետաքննությունը ենթադրյալ քիմիական հարձակման մասին, որն, իբր, իրականացվել էր այս տարվա ապրիլ-մայիս ամսին՝ սիրիական Դումայում, պաշտոնական Դամասկոսի կողմից: Այս մասին հաղորդում է Sana.sy-ն:
WikiLeaks-ը գաղտնազերծած չորս փաստաթղթերից մեկում հրապարակել է այն հանդիպման արձանագրությունը, որն անցկացվել է 2018 թվականի հունիսի 6-ին՝ վերոնշյալ կազմակերպության աշխատակազմի և հատուկ մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հետևյալ հարցը՝ արդյո՞ք, զոհերի մարմիներում հայտնաբերված ախտանիշները համահունչ են քլորից կամ նման այլ քիմիական գազից առաջացող նշաններին: Արձանագրության համաձայն՝ փորձագետները միաձայն հաստատել են, որ ստացված փաստերի և ներկայացված վկայությունների միջև որևէ կապ լինել չի կարող:
Հրապարակված երկրորդ փաստաթղթում, որը ներկայացնում է առաքելության անդամների միջև նամակագրությունը, կարդում ենք, որ կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան Սեբաստիան Բրահը հրաման է տվել՝ հանել փորձագետ Յան Հենդերսոնի զեկույցը կազմակերպության գրանցամատյանից:
Երրորդ փաստաթուղթը 2018 թ. օգոստոսի 20-ից 28-ն ընկած ժամանակահատվածում առաքելության անդամների և քիմիկոսների էլփոստի նամակագրության պատճեններն են, որոնցով դարձյալ պաշտոնական Դամասկոսի մեղքը չի հաստատվում:
Իսկ ահա չորրորդ փաստաթղթում, որը կրկին կապված է էլեկտրոնային փոստի նամակագրության հետ, ասվում է, որ փաստահավաք առաքելության ութ փորձագետներից յոթը հեռացվել են եզրափակիչ զեկույցի քննարկումներից: