Մենք այսօր ականատես կլինենք հերթական բեմականացման հաջորդ արարին: Այդ մասին ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հարցաքննությանը:
Նրա խոսքով՝ այսպիսով իշխանությունը նպատակ ունի մեկուսացնել Հրայր Թովմասյանին և ճնշում գործադրել դատարանի մյուս անդամների վրա, որպեսզի վերջիններս ընդունեն վաղաժամ կենսաթոշակի գնալու առաջարկը: Ըստ Դ.Հարությունյանի՝ իշխանությունը ցանկանում է, որ երկրում լինի ամբողջովին վերահսկելի Սահմանադրական դատարան, որը կյանքի կկոչի նրա ցանկությունները:
«Այդ օրենքը որևէ ձևով չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: Իշխանությունն առաջարկում է ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք, քանի որ եթե ՍԴ դատավորը տարիքային կենսաթոշակի գնա, ավելի քիչ կենսաթոշակ կստանա, քան եթե հիմա գնա:
Իրականության նայենք բաց աչքերով. որևէ սթափ մարդ չի գտնվի, որ կարող է մտածել, որ այս օրենքը հիմնված է կամավորության սկզբունքի վրա: Այսօր ինչ տեսնում ենք, «այդ կամավորության» սկզբունքի շարունակությունն է»,- ընդգծեց Դ.Հարությունյանը:
Նա հայտարարեց, որ վերջին մեկ տարում ՍԴ-ի նկատմամբ հանրության վստահությունն աճել է՝ խորհուրդ տալով չաղավաղել սոցհարցումների արդյունքները: