Շուտով քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում հնարավոր կլինի գտնել քաղաքապետարանից շինարարության թույլտվություն ստացած կառուցապատող ընկերությունների ցանկը,- իր «Ֆեյսբուքի» էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Բաժնում կլինի կառուցապատման նկարագիրը՝ հասցեն, ծավալները, հարկայնությունը, արտաքին տեսքը, կառուցապատողի կոնտակտային տվյալները և այլ տեղեկություններ:
Ավագանու այսօրվա նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս գործիքը քաղաքացիներին հնարավորություն կտա նաև՝ ապօրինի կառուցապատման կասկածի դեպքում, Թեժ գիծ զանգելուց առաջ ստուգել կառուցապատման օրինականությունը:
Բացի սրանից, բնակարան կամ այլ նորակառույց տարածք ձեռք բերելու ցանկություն ունեցողները կարող են ստուգել, թե որքանով է արժանահավատ այս կամ այն կազմակերպության՝ բնակարանային համալիրների վաճառքի առաջարկը (որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ համացանցում բնակարանների վաճառքի գովազդ տարածող կազմակերպությունը հաճախ շինթույլտվություն չունի»,– գրել է մամուլի խոսնակը: