Սաուդյան Արաբիայի դատարանը վճիռ կայացրեց ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության գործով, ըստ որի՝ 5 հոգի դատապարտվեցին մահապատժի, ևս 3-ը կբանտարկվեն 24 տարի ժամկետով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Խաշուկջին սպանվել էր 2018-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, որտեղ մեկնել էր ամուսնալուծության վկայական ստանալու համար: Թագավորությունը սկզբում հերքեց մեղադրանքները, բայց հետո ստիպված եղավ ընդունել, որ կատարվածը կանխամտածված սպանություն էր:
2018 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիայի 11 քաղաքացի ձերբակալվեց՝ սպանությանը մասնակցելու կասկածանքով, ինչի առիթով իրավապաշտպան կազմակերպությունները պնդում էին, որ իրական կազմակերպիչները խուսափում են պատժից:
Արդեն նոյեմբերի 17-ին միջազգային լրատվամիջոցները հայտնում էին, որ ԱՄՆ ԿՀՎ տվյալներով՝ Խաշուկջին սպանվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանի հրամանով, և կատարողները Սաուդյան գաղտնի ծառայությունների 15 աշխատակիցներ են եղել:
Արևմտյան շատ երկրներ համաձայն էին այս գնահատականի հետ, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ անկախ ամեն ինչից՝ Վաշինգտոնը կմնա Սաուդյան Արաբիայի «հավատարիմ գործընկերը», և Սպիտակ տունը հարաբերությունները չի՛ փչացնի Էր Ռիադի հետ:
Ի դեպ, Սաուդյան Արաբիայում, շարիաթի օրենքով, մահապատժի դատապարտված անձը կարող է խուսափել պատժից, եթե զոհի հարազատները համաձայնեն, այսպես կոչված, «արյան գին» ստանալ՝ որպես փոխհատուցում:
Արևմտյան մեդիան հենց այս համատեքստում է դիտարկում այն բոլոր թանկարժեք նվերներն ու տները, որ անձամբ Սալման թագավորի կողմից է նվիրաբերվել զոհի երեխաներին: Հատկանշական է, որ դրանից հետո սպանվածի որդին՝ Սալահ Խաշուկջին, նույնիսկ շնորհակալություն հայտնեց միապետին՝ իր մեծահոգության համար, մեղադրելով թագավորական ընտանիքի քննադատներին, որոնք «փորձում են ուրանալ հայրենի ժառանգությունը»: