ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կասեցնել Սենատի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Սպիտակ տան ղեկավարը կազմել է 7 էջանոց զեկույց: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Թրամփը նշել է, որ եթե ընդունվի պատժամիջոցներ սահմանելու որոշումը, ապա Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գնալով ավելի են բարելավվելու: ԱՄՆ նախագահն «ընդդիմացել է» նաև թուրքական Halkbank-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագծին: Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները վերջ կդնեն ԱՄՆ-Թուրքիա զինտեխնիկայի առևտրին և Թուրքիային կդասեն ԱՄՆ-ի համար թշնամի երկրների շարքում: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ուժեղ պահել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է պաշտպանության գերատեսչության բյուջեն, որով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում: Օրինագծով, որով 2020 թ. պաշտպանության բյուջեն կազմել է 738 մլրդ դոլար, նախատեսում է արգելել F-35 ամերիկյան ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, ինչպես նաև սահմանել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում։ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում նաև Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող «Թուրքական հոսք» գազատարի հարցում: