Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է մեկ մարդու՝ երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի նկատմամբ կանխամտածված սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Եվս չորս հոգի ձերբակալվել են հանցագործության մասին իմանալ, չհայտնելու համար՝ ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Գալի փողոցում, Ցոտնե Գամսախուրդիայի տան մոտ: Հետաքննության համաձայն՝ այն բանից հետո, երբ Ցոտնեն, իբր, վիրավորել է իր հետ լեզվակռվի մեջ մտած անձի, վերջինս գրպանից հանել է դանակը և հարձակվել Ցոտնեի վրա, նրան հասցնելով մի շարք ծանր վնասվածքներ:
Հաղորդվում է, որ բոլոր կասկածյալները հարցաքննվել են դեպքից ընդամենը մեկ ժամ անց, իսկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անմիջապես է հիվանդանոցում այցելել Վրաստանի առաջին նախագահի որդուն:
Մեղավորության հաստատման դեպքում ձերբակալվածին սպառնում է 7-ից 15 տարվա ազատազրկում՝ կանխամտածված սպանության փորձի, և 3-ից 7 տարի՝ իրավապահ մարմիններին չհանձնվելու համար:
Նշենք նաև, որ Վրաստանի առաջին նախագահի որդու վիճակը դեռևս շատ ծանր է, բայց հուսադրող է, որ բարդություններ չեն նկատվում: