Դեկտեմբերի 21-ին տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողովը, որի ընթացքում կամփոփվեն ՈՒՀՄ գործունեության 2019 թվականի արդյունքները, և կսահմանվեն 2020-ի առաջնահերթությունները։
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, սովորաբար ամփոփիչ համաժողովին մասնակցում են շրջանային համայնքների բոլոր ղեկավարները, դիվանագետներ, Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ։ Այս տարի Ուկրաինայի հայերի միության համագումարին մասնակցելու համար Կիև կժամանեն Սփյուռքի գործերով Հայաստանի գլխավոր հանձնակատարը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հայտնի փորձագետներ և լրագրողներ։
Մեկնաբանելով միջոցառման լայն օրակարգը՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ համայնքը հնարավորությունների սահմաններում նպաստում է Կիևի և Երևանի հարաբերությունների ամրապնդմանը, և երկու երկրների խորհրդարանականների ներկայությունը համաժողովում ուղղված է մեր երկրների երկկողմ օրակարգի աշխուժացմանը։
Պարբերականի համաձայն՝ համաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում աչքի է ընկնում ապագա այգու շնորհանդեսը։ Դա Ուկրաինայի հայերի միության նվերն է Հայաստանի մայրաքաղաքին։