Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում անցկացվում են խորհրդարանական լսումներ «Կրթության ոլորտի բարեփոխումները և առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում ընդգծել է, որ անցնող մեկուկես տարվա ընթացքում կրթության ոլորտում մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ավելացվել է կրթության և գիտության բյուջեն: 2020 թվականի բյուջեով աննախադեպ գումարներ են նախատեսվում դպրոցաշինության, դպրոցական պայմանների բարելավման համար: Հայրապետյանը նշել է, որ իրենց գործունեությունը պետք է միտված լինի դպրոցներում աշակերտներին ազատ միտք, քննադատական մտածողություն սերմանելուն:
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ նախարարության ջանքերով ուսուցիչների ապաքաղաքականացման գործընթացը հաջողել է:
«Առաջիկա տարիներին մեր գործունեությունը պետք է միտված լինի նրան, որ պաշտոնը հասարակության մեջ ընկալվի որպես պատասխանատվություն և ո՛չ որպես բարեկեցություն: Լավ արհեստավորը վատ պաշտոնյայից շատ ավելի լավ սոցիալական պայմաններում պետք է ապրի»,- ասել է Հայրապետյանը:
Նա նաև ընդգծել է, որ գիտահետազոտական ինստիտուտները ևս պետք է բերվեն բուհեր, և յուրաքանչյուր բուհ պետք է ուժեղ գիտահետազոտական հիմք ունենա: Անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծին»՝ Հայրապետյանը նշել է, որ այդ նախագծի վերաբերյալ հունվարին նախատեսվում են խորհրդարանական լսումներ: