Դեկտեմբերի 19-ին վրաց ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել խորհրդարանի մոտ և թույլ չի տա, որ իշխանությունները «նենգ գործողությունների գնան»,- ընդդիմության առաջնորդների հանդիպումից հետո լրագրողներին ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան:
Ըստ Ուգուլավայի՝ ցույցերը չեն սահմանափակվի միայն մայրաքաղաք Թբիլիսիով և շաբաթ-կիրակի օրերին դրանք կանցկացվեն նաև Զուգդիդիում և Բաթումում:
«Մենք եկանք այն եզրակացության, որ ինչքան կոշտ և անհամոզիչ է կառավարությունն իր դիրքորոշումներում, այնքան ավելի մեծ է ընդդիմություն-հասարակություն ինտեգրումը: Միևնույն ժամանակ, այս շաբաթ նախատեսվում են արտահերթ խորհրդարանական հանդիպումներ, և ասի արդեն, որ պատրաստվում ենք հինգշաբթի օրն էլ ցույց անցկացնել: Թույլ չենք տա իշխանություններին նենգ գործողությունների գնալ»,- ասել է Գիգի Ուգուլավան՝ հավելելով, որ իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների վերջին փուլը նախատեսված է ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին:
«Մենք ակնկալում ենք, որ մեծամասնությունը հանդես գա հակադարձ առաջարկներով, որովհետև տեղյակ է մեր մոտեցումներին: Փաստն այն է, որ նրանք խոստացել են մեր միջազգային գործընկերներին, որ հանդիպումից առաջ հանդես են գալու առաջարկներով: Երեք օր է մնացել դրան: Այնպես, որ՝ եթե առաջարկներ լինեն, մենք բոլորս միասին կտեղեկանանք: Հակառակ դեպքում մեր պահանջները կմնան անփոփոխ»,- ըստ Sputnik.ge-ի՝ հայտարարել է Ուգուլավան:
Հիշեցնենք, որ վրաց ընդդիմության ու իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներն արդեն բանակցությունների երեք փուլ են անցկացրել ընտրական համակարգի վերաբերյալ: Հանդիպումներում օտարերկրյա դիվանագետները հանդես են գալիս, այսպես կոչված, արբիտրի դերում՝ երկրում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար, որի վերջն այդպես էլ չի երևում: