«Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունից» հեռացված Միհրան Ասատրյանը հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, որ Հրանտ Մարգարյանը կուսակցության քաղաքականությունը վարում է իրեն հաճելի ու հարմար տարբերակով:
«Հրանտ Մարգարյանը և նրա անձնական շահերը սպասարկող այդ խմբակը կուսակցությունն ամբողջությամբ տանում են այն ուղղությամբ, որը որոշում է Մարգարյանն անձամբ ու երևի՝ միայնակ: Կուսակցությունը վարում է մի քաղաքականություն, որը բոլորովին իր շահերից չի բխում: Մարգարյանն ու իր անձնական շահերը սպասարկող այդ խմբակը սերժաքոչարյանահաճո իրենց գործողությունների համար ամբողջ կուսակցությունը տանում են իրենց ետևից»,- ասել է Ասատրյանը:
Միությունից հեռացված անդամը նշել է նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգն ընդհանրապես չի սպասարկում Դաշնակցության շահերը և չի բխում Դաշնակցության ծրագրից ու կանոնագրից, այլ՝ որոշակի խմբակի շահերից:
«Մարգարյանական կլանն էնպես է գրավել կուսակցությունն ու օկուպացրել ողջ կառույցը, որ ներքին որևէ տարբերակով հնարավոր չէ պայքարել նրա քայլերի դեմ: Դաշնակցությունն ինքն էլ իր ներսում լավ գիտակցում է՝ Դաշնակցության վարկանիշը մարգարյանական քաղաքականության հետևանքով ընկնում է, կուսակցությունը չի կարող հասնել իշխանության, բայց գնում է այդ քայլին: Սրանից հետևություն, որ սա զուտ դաշնակցական օրակարգ չէ: Մարգարյանը երևի իր կուսակցական ընկերներից ավելի հարազատ անդամների հետ նստած որոշում է, թե ինչ պետք է արվի, ինչպիսի հարվածներ պետք է տրվեն՝ պարտիզանակա՞ն, տեռորիստակա՞ն, թե՞ մի ուրիշ: Պետք է ասեմ, որ իրենք որևիցե մեթոդի առաջ կանգնողը չեն, և սա հակապետական գործողություն է: Սա դաշնակցականների քայլը չէ, սա մի խմբակի քայլն է, որոնք իրենք էլ դաշնակցականներ չեն»,- ասել է Միհրան Ասատրյանը:
Ուսանողական միության վարչության լուծարումից և վարչական ընկերների մեկուսացումից հետո Գերագույն մարմնի նախագահը տեղեկացրել է, որ միության մոտ 7 ընկերներ մեկուսացված են կուսակցական կյանքից՝ որպես բացատրություն նշելով, թե նրանք բավականին փորձառու էին և կարող էին վարչական ընկերներին հետ պահել սխալ որոշում կայացնելուց:
«Սխալ որոշումն ըստ ԳՄ-ի այն էր, որ մենք չէինք ցանկացել մասնակցել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցերին»,- իր խոսքում ասել է ուսանողական միության նախկին անդամներից Գառնիկ Ռուշանյանը:
Արման Մարտիրոսյանը, անդրադառնալով երդումը դրժածի պիտակավորմանը, ասել է, որ երդումը չեն դրժել, շարունակելու են մնալ դաշնակցական: Անդամագրվել են կուսակցությանը հայրենիքին ծառայելու համար և կարծում են, որ կուսակցությունը միջոց է հայրենիքին ծառայելու, ոչ թե սեփական շահերը սպասարկելու:
«Մենք գործելու ենք Դաշնակցության գաղափարներով: Նրանք են դրժել իրենց երդումը, նրանք դաշնակցական չեն, նրանք են դավաճանները, որ Դաշնակցությունը, փառավոր կուսակցությունը, որը հայ ժողովրդի սեփականությունն է, հասցրել են անդունդի եզրին»,- իր խոսքում նշել է Արման Մարտիրոսյանը: