Կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է: Այս մասին հայտնում է օդանավակայանի «Ֆեյսբուքի» էջը:
«Երեկվանից շրջանառվող լուրի հետ կապված, համաձայն որի՝ Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Արմենիա Մարիոթ» հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդը պահանջել է 34.000 դրամ, ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019 թ. փետրվարի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ տաքսի ծառայություն մատուցող միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է, որի գնացուցակը փակցված է օդանավակայանում:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է և չի պատկանում Yandex Taxi ընկերությանը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար:
Հարգելի՛ ուղևորներ, ձեզ ևս հորդորում ենք օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար»,- նշված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հայտարարությունում:
Նախօրեին լուսանկարը Ֆեյսբուքում հրապարակել էր Սուրեն Մանուկյանը՝ հայտնելով, որ տաքսու վարորդը գերմանացի մի քաղաքացու «Զվարթնոց» օդանավակայանից «Մարիոթ» բերելու համար 34.000 դրամ է վերցրել: