Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ԵՄ նախկին բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Քաջալերելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակի երկխոսությունը՝ ԵՄ-ն կշարունակի աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման:
«Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու նրանց ներկայացրած առաջարկներին, այդ թվում՝ մեր հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով»:
Խոսելով Հայաստանի մասին՝ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ կառավարությունը, համաձայն Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ստանձնել է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը: Նա մասնավորապես ընդգծել է.
«ԵՄ-ի հետ համաձայնագիրը Հայաստանը համարում է բարեփոխումների համար իրական ծրագիր, և մենք հպարտ ենք դրանով: Մեր աջակցությունը բարեփոխումների գործընթացին, այդ թվում և՝ իրականացվող դատական բարեփոխումներին, ավելացել է նախորդ տարվա քաղաքական հեղափոխությունից հետո: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի սերտ կլինի»: