Գյումրիում գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որևէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման և հարակից ծառայությունների մատուցման ոլորտում: Ներմուծողները հնարավորություն ունեն իրենց ավտոմեքենաները բեռնարկղերից բեռնաթափել անձամբ, այլ անձի միջոցով, կամ դիմել տարածքում մրցույթով հաղթած ծառայություն մատուցող կազմակերպությանը։
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կազմակերպությանը զուգահեռ, այսօր ԱՏԳ կենտրոնում ևս մոտ 14 կազմակերպություն կատարում են իրենց բեռնաթափումները։ Ավտոմեքենաների մոտ 60 տոկոսը ժամանում է ինքնաշարժ եղանակով, այսինքն՝ բեռնաթափման կարիք չունի. օրական ժամանող 800 մեքենայից բեռնաթափվում է մոտ 300-ը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ հիշատակված կազմակերպությունը որևէ կապ չունի ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց հետ: Կազմակերպության ընտրությունը կատարվել է հրապարակային մրցույթով: Գնման գործընթացի շրջանակներում հրավերն ու հայտարարությունը հրապարակվել են 15.10.2019թ. gnumner.am պաշտոնական կայքում, և հաղթող է ճանաչվել «ԲԻԷՅՋԷՄ ԿԱՐԳՈ ՀԵՆԴԼԻՆԳ» ՍՊԸ-ն:
Կոմիտեն հայտնել է, որ աշխատակիցների քանակի և ձևակերպվող ավտոմեքենաների քանակի մասին պնդումները ևս կեղծ են։ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրվել է մոտ 70 աշխատակցով, որից 26-ը ավտոմեքենա ձևակերպող տեսուչներ են, իսկ 29․11․2019-ին Գյումրի քաղաքում մաքսազերծվել է 802 ավտոմեքենա։