Այսօր ուշ երեկոյան «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հյուրընկալվել է տեղական «Իմեդի» հեռուստաընկերության Prime Show հաղորդմանը:
Իվանիշվիլին խոսել է իր քաղաքական ուժի մասին՝ հայտարարելով, որ դրա ձևավորումն անձամբ իր արժանիքների ու ֆինանսական ռեսուրսների հաշվին է եղել: Ըստ այդմ, մարդիկ պետք է հասկանան, որ իշխանությունները ոչ թե խոչընդոտում են, այսպես կոչված, երրորդ ուժի ձևավորումը, այլ դրա համար անհրաժեշտ են մեծ ֆինանսներ, քիչ թե շատ լուրջ հեղինակություն, ինչպիսիք գոյություն չունեն Վրաստանում:
«Մեր քաղաքական սպեկտրը նույնքան աղքատ է, որքան մենք ենք տնտեսապես աղքատ: Ողբերգություն է, որ «Վրացական երազանք»-ի իշխանության յոթ տարիների ընթացքում ոչ մի նոր ուժ չհայտնվեց…կանք մենք, և կա «Միասնական ազգային շարժում»-ը որի ձեռքին է երկրից թալանածը»,- Sputnik.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Իվանիշվիլին:
Ընդ որում, «Վրացական երազանք»-ի հիմնադիրը բացատրել է, որ այսօր «Միասնական ազգային շարժում» ասելով՝ ինքը ոչ միայն կոնկրետ կուսակցության նկատի ունի, որ 9 տարի իշխանության ղեկին էր, այլ նրանց, որոնք այժմ դրա հետ միասին անցկացնում են բողոքի ակցիաներ:
Իվանիշվիլին չի թաքցրել, որ Վրաստանն այսօր բոլոր ոլորտներում մասնագետների պակաս ունի, և դա նույնպես լուրջ խնդիր է:
«Այսօր երկրում նույնիսկ բավարար քանակությամբ եռակցողներ չկան: Ուսուցիչների պակաս կար, և մենք բարեփոխում ենք կրթությունը…Քաղաքականությունն ունի բարեփոխման նույն անհրաժեշտությունը: Կուսակցություններ չեն կարող ստեղծվել, քանի որ մարդիկ՝ քաղաքական գործիչներ, մասնագետներ կամ ոչ մասնագետներ են պետք, որոնք ինտելեկտ կունենան ու կհամապատասխանեն պահանջներին»,- շեշտել է Իվանիշվիլին:
Նրա խոսքով՝ մի բան է միայն հստակ, որ «Միասնական ազգային շարժումը» չի կարողանա վերադառնալ իշխանություն:
«Նրանք չեն գա իշխանության: Վրաց ժողովուրդը նրանց կառավարման համար չի վերածնի»,- համոզված պնդել է Իվանիշվիլին:
Այս ամենին զուգահեռ՝ Իվանիշվիլին, իհարկե, անդրադարձել է նաև ձախողված սահմանադրական փոփոխություններին:
«Անշուշտ, ցավալի է, որ մենք չկատարեցինք մեր խոստումը: Իհարկե, թիմը տուժեց: Ցանկացած պատասխանատու անձ կամ քաղաքական գործիչ կանհանգստանար, երբ ինչ-որ բան խոստանում է և չի անում... Ես մարդ եմ, ով հազվադեպ է խոստումներ տալիս: Հազար անգամ մտածում, նոր եմ ինչ-որ բան խոստանում, որովհետև՝ եթե խոստանում ես, պետք է կատարես դրանք»:
Նրա խոսքով՝ յոթ տարվա իշխանավարման ընթացքում չի եղել որևէ դեպք, որ «Վրացական երազանք»-ը չկատարեր որևէ հիմնարար խոստում:
«Թիմը տուժեց ոչ միայն այն պատճառով, որ չկատարեց իր խոստումը, այլ նաև այն պատճառով, որ մեր արժանավոր անդամներն այս փոփոխության պատճառով լքեցին կուսակցությունը, ինչը վնասեց թիմին ու դրված հարցերի լուծմանը»,- հայտարարել է Իվանիշվիլին: