Թբիլիսիի խորհրդարանի մոտ բողոքի ցույցերը կվերսկսվեն հինգշաբթի առավոտյան: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին, որ երիտասարդական կազմակերպություն է համակարգում:
«Մինչև հինգշաբաթի կհասկանանք՝ ինչ անել, բայց այժմ էլ արդեն հստակ է, որ հինգշաբթի առավոտյան պիկետ կլինի: Կկանգնենք-խորհրդարան տանող ճանապարհին և կճանապարհենք բոլոր նրանց, որոնք կորոշեն, իբր, աշխատանքի գալ: Մենք դա կկոչենք «Ամոթի միջանցք» և թույլ չենք տա, որ նրանք հանգիստ անցնեն խորհրդարան»,- ասել է Դիգմելաշվիլին:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ոստիկանության կոպիտ միջամտությունից հետո հանրության զայրույթն ակնկալելով հանդերձ՝ իշխող կուսակցությունը կրկին հայտարարեց, որ չի վերանայի ընտրական համակարգը, քանի որ երկրի սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ է առնվազն 113 ձայն, իսկ այդ ձայները չեն ապահովվում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների բողոքի պատճառով: Նշվում է, որ նոյեմբերի 14-ին հենց այս պատգամավորներն էին, որ ձախողեցին իշխանությունների կողմից խոստացված փոփոխությունները, ինչի պատճառով էլ սկսվեցին բողոքի ցույցերը՝ հաղորդում է Sputnik.ge-ն:
Ի դեպ, Aliq.ge-ի փոխանցմամբ էլ՝ Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանական ընդդիմությանը կոչ արել վերադառնալ օրենսդրական գործընթացին:
«Ես կցանկանայի դիմել խորհրդարանական ընդդիմությանը՝ վերադառնալ բնականոն քաղաքական գործընթացին, խորհրդարանական ձևաչափերին: Նրանց ասելիքը, այն փաստարկները, որոնք նրանք ցանկանում են ցույց տալ հանրությանը, կարող են ներկայացնել քաղաքական նորմալ ձևաչափով, լիագումար կամ հանձնաժողովների նիստերում»,- ասել է խոսնակը՝ բյուրոյի այսօրվա նիստում: