Կատարի և Քուվեյթի պատկան մարմինները տեղեկացրել են, որ միանում են ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային կոալիցիային՝ Արաբական թերակղզում ազատ նավարկության ապահովման համար: Ինչպես հայտարարել է կոալիցիոն ուժերի աշխատակազմի ղեկավար, գնդապետ Ջոն Քոնքլինը՝ այսուհետ այս երկու երկրների պարեկային նավերը նույնպես կմասնակցեն առաքելությանը:
Քոնքլինը հիշեցրել է, որ դրանից առաջ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան, Ալբանիան և Ավստրալիան արդեն հայտնել էին կոալիցիային միանալու մասին, և այժմ էլ Կանադայի հետ են բանակցություններ ընթանում, որովհետև երկուստեք հետաքրքրություն կա միջազգային առաքելության նկատմամբ:
Հիշեցնենք, որ սրան զուգահեռ՝ Ֆրանսիա՛ն է փորձում նույն խնդիրները լուծելու համար Պարսից ծոցում եվրոպական նավատորմիղ ձևավորել, բայց Փարիզի ջանքերը դեռ պտուղ չեն տվել: Շատերը նույնիսկ տագնապում են, որ այս նախաձեռնությունը հավելյալ խնդիրներ կստեղծի Միացյալ Նահանգների և նրա եվրոպական դաշնակիցների հարաբերություններում, որովհետև, ենթադրվում է, Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները, Օմանի ծոցն ու Պարսից ծոցը ևս կներառվեն ԱՄՆ ռազմածովային կոալիցիայի պարեկային գոտում:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ գլխավորությամբ ռազմածովային կոալիցիայի ստեղծման մասին պայմանավորվածությունն ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև ձեռք էր բերվել 2019-ի օգոստոսին՝ Պարսից ծոցում Իրանի կողմից մի քանի լցանավեր առգրավելուց հետո:
Սեպտեմբերին արդեն, «Արամկո» նավթային ենթակառուցվածքի վրա կատարված գրոհից հետո, կոալիցիային միացան նաև Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն: