2020 թվականի հունիսի 1-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պետական աջակցության շրջանակում, կոխլեար իմպլանտ կրող անձանց կտրամադրի հավաստագիր՝ կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար։ Այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
Կոխլեար իմպլանտացիան բարձր տեխնոլոգիական վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս լսել:
«Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում անելու պահանջ, ինչը միտված է ծառայությունների հասցեականության բարձրացմանը, ինչպես նաև՝ գործընթացի վերահսկողության ապահովմանը: Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել աջակցող միջոցների տեսականին՝ ներառելով նաև կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի պարագաներ, որովհետև դոնոր կազմակերպությունների աջակցությամբ՝ Առողջապահության նախարարությունն իրականացնում է իմպլանտի տեղադրման վիրահատություններ, որոնք բավականին թանկ են, բայց դրա սպասարկումը, ցավոք, որևէ կերպ չի ֆինանսավորվել պետության կողմից, և այս նախագծով առաջարկում ենք, որ 2020 թ. դրա սպասարկումը ևս իրականացվի պետական աջակցության շրջանակում»,- հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: