Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին: 85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը:
Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն էր առաջացրել պոլսահայ համայնքում, ինչպես նաև նախաձեռնարկ մարմնի կազմում, ինչի հետևանքով իրավաբան Սեդրակ Դավութհանը, Կարպիս Դուրասլանը, Գևորգ Էրքանը, Ղուկաս Արզումանը, Նազարեթ Օզսահակյանը, Մինաս Արսլանը և Սարգիս Չավուշյանը հրաժարական էին տվել:
Նոյեմբերի 19-ին այդ շարքը համալրել է նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ, իրավաբան Սարո Բենգլյանը: Վերջինս հրաժարական է տվել և դուրս եկել նախաձեռնարկ մարմնի կազմից: Բենգլյանը հայտնել է, որ իր հրաժարականի շուրջ համակողմանի հայտարարությամբ հանդես չի գալու և հավելել, որ ստանձնած պարտավորությունները մինչև օրս կատարել է, և այժմ եկել է հրաժարականի ժամանակը:
Ներքին գործերի նախարարության կողմից պատրիարքարան ուղարկված կանոնադրությունից հետո 8 անդամ է դուրս եկել նախաձեռնարկ մարմնի կազմից: