Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ արգելափակել են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք Է նիստ անցկացվի: Ճանապարհներին բարիկադներ են կառուցվել: Ակտիվիստները թույլ չեն տալիս անցնել պատգամավորների ավտոմեքենաներին և բաց են թողնում միայն ռազմական փոխադրամիջոցներն ու շտապ օգնության մեքենաները:
Ակտիվիստները քարկոծել են մի խումբ պատգամավորների, որոնք փորձել են անցնել բարիկադների միջով: Անվտանգության ուժերը կրակ են արձակել դեպի օդ:
Որոշ պատգամավորներ, սակայն, նույնիսկ այս իրավիճակում են կարողացել հասնել իրենց աշխատատեղեր: Խորհրդարանականներից ոմանք էլ հրաժարվել են մասնակցել այսօրվա նիստին՝ պաշտպանելով քաղաքացիներին:
Նոյեմբերի 19-ին ծրագրված Է խորհրդարանի նիստ, որտեղ պետք Է ընդունվեն մի շարք օրենքներ, ներառյալ՝ ընդհանուր համաներման մասին օրենքը, որին դեմ են հակակառավարական ցույցերի մասնակիցները: Քաղաքացիները զգուշանում են, որ համաներման տակ կարող են հայտնվել կոռուպցիոն սխեմաներին մեղսակից պաշտոնյաները՝ այդկերպ խուսափելով պատասխանատվությունից: Մի խումբ փորձագետների կարծիքով՝ կա մտահոգություն, որ համաներմամբ կարող են ազատ արձակվել նաև
ահաբեկչական խմբավորումների հետ կապված արմատականներ: