Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի և Մայքլ Լեմոնի հետ: Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնաթող դիվանագետներին հատկապես հետաքրքրել է Հայաստանի նոր իշխանությունների կողմից անցկացվող համակարգային բարեփոխումները:
«Շատ կարևոր էր տեսնել, որ դեսպանները ոչ միայն ուրախ են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով և զարգացումներով, այլև հստակ արձանագրեցին, որ նաև Ամերիկայում է Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել. Հայաստանն այժմ այլ ընկալումներ ունի և այլ ճանաչողության մակարդակ»,- հանդիպումից հետո պատմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ խորհրդարանում աշխատանք է տարվում նախկին իշխանություններից ժառանգած գերհզոր գործադրին հավասարակշռելու խորհրդարանական միջոցների մշակումը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշել է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ավարտված կլինի 2020 թվականին:
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաև Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում: Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցկացված հանդիպումները կարևոր հիմք են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
«Մենք մի քանի հիմնական ուղղություններ ենք նշել այս պահի դրությամբ՝ ինստիտուտների հաստատում, ժողովրդավարություն, հակակոռուպցիոն մարմինների ստեղծում և մի շարք այլ ռեֆորմներ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել և պայմանավորվել ենք աշխատել միասին և հենց այդ աշխատանքի արդյունքում այդ բովանդակային էլեմենտը կդառնա ավելի շոշափելի և առարկայական»:
Հիշեցնենք, որ Թավշյա հեղափոխությունից հետո սա հայ-ամերիկյան խորհրդարանական խմբի անդամների առաջին այցն էր Միացյալ Նահանգների մայրաքաղաք: Պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ այցի ընթացքում հայ օրենսդիրները փորձելու են ռազմավարական մակարդակի բարձրացված հայ-ամերիկյան գործընկերությունը պարզ բովանդակությամբ լցնել: