Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թ. բյուջետային հատկացումներից Կառավարության որոշմամբ կատարվել է մի քանի վերաբաշխում, որի շրջանակում կրթական հաստատություններում կիրականացվեն կապիտալ շինարարության և նախագծային աշխատանքներ:
Մասնավորապես, մեծ ծավալներով կշարունակվի «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» դեռևս 2015 թվականից սկսված շինարարությունը, որի կատարման համար հատկացվել է ավելի քան 716 մլն 653 հազար դրամ, որից 713 մլն 653 հազար դրամը նախատեսված է բուն շինարարական աշխատանքների, իսկ 3 մլն դրամը` նախագծային շտկումների համար, որի անհրաժեշտությունն առաջացել է` պայմանավորված կառուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով (նախորդ նախագիծը հաստատվել է 2014 թ.):
Նախագիծը Կառավարության նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը` տեղեկացնելով, որ քոլեջի շինարարությունը ՀՀ Կառավարության և Եվրոպական միության միջև 2016 թ. դեկտեմբերին ստորագրված «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» համաձայնագրի նախապայմաններից է:
Նույն որոշմամբ կատարված բյուջետային վերաբաշխման շրջանակում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախագծային աշխատանքների համար հատկացվել է 14 մլն 430 հազար դրամ: Ինչպես իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, շուրջ 890 աշակերտ ունեցող դպրոցի երկու մասնաշենքերից մեկը վերանորոգված է, բայց կրթական գործընթացի կազմակերպման լիարժեք պահանջներին չի բավարարում և այժմ մշակվելու է երկրորդ մասնաշենքի վերակառուցման և հիմնանորոգման նախագիծը:
Նույն որոշման երրորդ կետով առաջարկվում է 2019 թ. բյուջեում նախապես պլանավորված «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ի շենքի փոխարեն վերակառուցել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Ապարանի մասնաճյուղի» շենքը: