Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի՝ մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Արմեն Մելիքյանը (60 կգ) հայրենիք վերադառնալուց հետո պատմել է տպավորությունների մասին: Ըմբիշը ՀԱՕԿ-ի լրատվականին պատմել է, որ շատ գոհ է իր մարզիչներից և շնորհակալ է Աստծուն հաղթանակի համար։
«Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին: Եզրափակիչ գոտեմարտը մի քիչ բարդ ընթացավ, քանի որ արդեն վնասվածք ունեի, իսկ մրցակիցս գլխով շատ էր հարվածում: Արյուն էր գալիս, մի պահ անգամ չէի կարողանում նորմալ շնչել։ Այս հաղթանակից հետո պետք է առաջ շարժվել: Կան օլիմպիական վարկանիշային մրցաշարեր, որտեղ պետք է ձգտեմ դառնալ մեդալակիր և վարկանիշ նվաճել»,- նշել է ըմբիշը:
Բուդապեշտում Արմեն Մելիքյանը տարել էր 4 հաղթանակ: Եզրափակչի ճանապարհին հայ ըմբիշը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ նոյեմբերի 3-ին կայացած վճռորոշ գոտեմարտում 11:7 հաշվով հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: