Սախարովի անվան մարդու իրավունքների այս տարվա մրցանակը շնորհվել է ույղուր ակտիվիստ Իլհամ Թոհթիին: Չինաստանի իշխանությունների ընդդիմադիր Իլհամ Թոհթին անջատականության մեղադրանքով 2014 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Եվրամիության օրենսդիր մարմինը տնտեսագիտության պրոֆեսոր և իրավապաշտպան ակտիվիստին այդ մրցանակին արժանացրել է Չինաստանի ժողովրդի և ույղուրական մահմեդական փոքրամասնության միջև երկխոսությունը զարգացնելու համար: Թոհթին ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Չինաստանի արևմտյան շրջաններում բնակվող ույղուր փոքրամասնության վիճակի բարելավման ուղղությամբ: Նա պաշտոնական Պեկինին մշտապես մեղադրել է մահմեդական փոքրամասնության իրավունքները խախտելու և անտեսելու համար: