40 տարվա դադարից հետո առաջին անգամ իրանցի կանայք ֆուտբոլային հանդիպմանը հետևել են հենց մարզադաշտից:
3500 կնոջ ներկայության շնորհիվ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության համար պայքարող Իրանի և Կամբոջայի հավաքականների խաղը դարձավ պատմական:
Իրանցի կանայք, սակայն, բողոքել են, որ 78 հազար տեղանոց մարզադաշտում ընդամենը 3500 տեղ են տրամադրել կանանց: Ի դեպ, Իրանի կառավարությունը թույլտվության որոշում է կայացրել ՖԻՖԱ-ի ջանքերի շնորհիվ: Թեհրանին ներկայացվել է սահմանափակումները չեղարկելու պահանջ, իսկ պատճառը տղամարդու հագուստով մարզադաշտ մտնելու փորձ արած կնոջ պատմությունն է: Վախենալով դատաստանից՝ կինն ինքնահրկիզվել էր հենց դատարանի շենքի առաջ: Մարզադաշտում կանանց և տղամարդկանց տեղերն առանձնացված են եղել: